Բաժիններ
Հարցեր
  • 1.Քանի՞ ժամ է տևում միջողային աճառի ճողվածքի վիրահատությունը: +
  • Միջինում բուն վիրահատության տևողությունը կազմում է 40-60 րոպե:
  • 2.Միջողային աճառի ճողվածքի վիրահատությունը ընթանում է տեղայի՞ն, թե՞ ընդհանուր անզգայացմամբ: +
  • Նախընտրելի է համարվում ընդհանուր անզգայացումը, քանի որ այդ ժամանակ հիվանդը լինում է քնած, չի լարվում և չի ենթարկվում սթրեսի: Սակայն անհրաժեշտության դեպքում վիրահատությունները կարող են կատարվել ողնուղեղային անզգայացմամբ:
  • 3.Միջողային աճառի ճողվածքի հեռացումից հետո քանի՞ օր պետք է կրել կորսետը: +
  • Էնդոսկոպիկ եղանակով միջողային աճառի ճողվածքի հեռացումից հետո մենք հիվանդներին խորհուրդ ենք տալիս կրել գոտկային կորսետ 2-3 շաբաթ ժամանակահատվածով:
  • 4.Միջողային աճառի ճողվածքի դեպքում, ո՞ր վիրահատական եղանական է ապահով և քիչ տրավմատիկ: +
  • Միանշանակ էնդոսկոպիկ եղանակը: Այն տասնապատիկ ավելի անվտանգ և քիչ տրավմատիկ է քան ցանկացած բաց եղանակով կատարվող վիրահատություն: Աշխարհի բոլոր առաջատար նյարդավիրաբուժական բաժանմունքներն արդեն մի քանի տարի է, որ հրաժարվել են բաց եղանակով կատարվող վիրահատություններից և անցել են էնդոսկոպիկի:
  • 5.Հնարավո՞ր է արդյոք էնդոսկոպիկ եղանակով վիրահատել մեծ չափերի ճողվածքները: +
  • Էնդոսկոպիկ եղանակով կարելի է վիրահատել ցանկացած չափի ճողվածք, կարելի է միաժամանակ վիրահատել նույնիսկ երկու կամ երեք մակարդակի ճողվածքներ:
  • 6.Կարո՞ղ է արդյոք կրկնվել միջողային աճառի ճողվածքը վիրահատությունից հետո: +
  • Ցավոք այո՛, ամբողջ աշխարհում միջողային աճառի ճողվածքի կրկնումը հնարավոր է 5-7% դեպքերում: Պետք է հասկանալ, որ դա ձեռքբերովի հիվանդություն է և վիրահատությունից հետո անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, որպեսզի հնարավորինս խուսափել կրկնումից:
  • 7.Հնարավո՞ր է ողնաշարային խողովակի ստենոզը վիրահատել էնդոսկոպիկ եղանակով: +
  • Այո՛, մեր կողմից ձեռք բերված EasyGo էնդոսկոպիկ համակարգի օգնությամբ հնարավոր է վիրահատել և հեռացնել ողնաշարային խողովակի ստենոզը:
  • 8.Հնարավո՞ր է արդյոք պարանոցային հատվածի ճողվածքի էնդոսկոպիկ հեռացում: +
  • Այո՛, մեր կողմից օգտագործվող հատուկ էնդոսկոպիկ գործիքները թույլ են տալիս հեռացնել պարանոցային հատվածի ճողվածքները մեծ արդյունավետությամբ:
  • 9.Ի՞նչ է իրենից ներկայացնում ոսկրային ցեմենտը: +
  • Ոսկրային ցեմենտը երկկոմպոնենտային խառնուրդ է (մեթիլմետակրիլատ), որը ներարկվելուց մոտ 10 րոպե հետո կարծրանում է և դառնում ոսկորից ավելի ամուր: Այն ծառայում է հիվանդին ողջ կյանքի ընթացքում:
  • 10.Ինչպե՞ս բուժել ողի մարմնի հեմանգիոմաները: +
  • Ողի մարմնի հեմանգիոմայի բուժման ժամանակակից մեթոդը վերտեբրոպլաստիկան է:
  • 11.Ինչպե՞ս բուժել ողի մարմնի օստեոպորոտիկ կոտրվածքը: +
  • Օստեոպորոտիկ կոտրվածքների դեպքում ցուցված է վերտեբրոպլաստիկա: Միաժամանակ կարելի է կատարել երեք ողերի վերտեբրոպլաստիկա:
  • 12.Ողի մարմնի մետաստատիկ ախտահարման դեպքում ի՞նչ է հնարավոր անել: +
  • Ողերի մետաստատիկ ախտահարումների դեպքում կարելի է կատարել վերջիններիս ռադիոալիքային աբլացիա (այրում): Միջին չափերի մետաստատիկ օջախների դեպքում հնարավոր է դրանց վերտեբրոպլաստիկա, իսկ շատ մեծ չափերի դեպքում, որոնք ուղեկցվում են ողնուղեղի սեղմումով, անհրաժեշտ է կատարել բաց վիրահատություն տրանսպեդիկուլյար ֆիքսացիայով:
  • 13.Ողնաշարի կոտրվածքի դեպքում ի՞նչ վիրահատական եղանակներ են կիրառվում: +
  • Ողնաշարի կոտրվածքների դեպքում հնարավոր է հիվանդին բուժել մեկ օրում՝ կատարելով վերտեբրոպլաստիկա: Սա նորագույն մեթոդ է, որով մենք վերջին տարիներին վիրահատել ենք մի քանի հարյուր հիվանդի գերազանց արդյունավետությամբ: Բարդացած կոտրվածքների դեպքում մենք առաջարկում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիա, որը թույլ է տալիս վերականգնել ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիան նույնիսկ ամենաբարդացած դեպքերում: