t Հետաքրքրաշարժ կլինիկական օրինակ: Սև գույնի միջողային աճառի ճողվածք - Spine Surgery Armenia
Բաժիններ
Հետաքրքրաշարժ կլինիկական օրինակ: Սև գույնի միջողային աճառի ճողվածք

Միջողային աճառի ճողվածքի կապակցությամբ կատարվող վիրահատությունները սովորական բնույթ են կրում մեր աշխատանքում, սակայն առ այսօր մենք չէինք հանդիպել սև գույնի միջողային աճառի ճողվածքի:

Սույնով ցանկանում ենք նկարագրել այդ հետաքրքրաշարժ դեպքը:

Միջողային աճառը և նրա ճողվածքները լինում են սպիտակ, դեղին, դարչնամոխրագույն:

Ստորև պատկերված է սովորական գույնի միջողային աճառի ճողվածքը, որը մենք հանդիպում ենք վիրահատության ժամանակ:


Սակայն օրեր առաջ վիրահատության ժամանակ մենք նույնպես զարմացած փորձում էինք բացատրություն տալ մեր տեսածին: Հիվանդի մոտ միջողային աճառի ճողվածքը սև գույնի էր: Նման բան թե՛ մենք, թե՛ մեր գործընկերները այլ բուժհաստատություններում չէինք հանդիպել:



Հետաքրքրաշարժ է, որ նախավիրահատակն ՄՌՏ հետազոտությամբ նույնպես որևիցէ արտառոց բան չէր արձանագրել: Ախտորոշվել էր միայն միջողային աճառի ճողվածքը, որը պատկերված է ստորև:

Համացանցում մենք գտանք ընդամենը երկու նմանատիպ նկարագրված դեպք՝ մեկը արձանագրվել էր Թուրքիայում (2012թ.), իսկ մյուսը Հնդկաստանում (2016թ.):

Նման սև գույնի միջողային աճառի ճողվածքը բացատրվում էր ալկապտոնուրիա հիվանդության դրսևորմամբ, որը հանդիպում է ազգաբնակչության 0.001% մոտ և բացատրվում է հոմոգենտենզիոն թթվի ոչ լրիվ տրոհման փաստով:

Նման հիվանդներին որևիցէ հատուկ բուժում ցուցված չէ: Խորհուրդ է տրվում երկարատև օգտագործել վիտամին C:

Նկարագրելով այս դեպքը՝ մենք ցանկանում ենք տեղեկացնել մեր բոլոր գործընկերներին, որ, եթե վիրահատության ժամանակ հանդիպեն սև գույնի ճողվածք, խուճապի չմատնվեն, նման բան հնարավոր է, և դա, այսպես կոչված, ալկապտոնուրիա հիվանդության դրսևորումներից է: